«Ավրորայի» և Մերձավոր Արևելքի հիմնադրամի 2016թ. կրթաթոշակներ՝ 10 ուսանողների. Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ կստանա լիբանանցի ևս մի ուսանողուհի

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից եւ Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք կամ փախստականներ են, կամ տեղահանված, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում կամ առանց ծնողի (խնամակալի)։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներից։

Երախտագիտության կրթաթոշակները, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տեւողության ընթացքում Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային ցանցի քոլեջներում։ Ծրագիրը հիմնադրվել է իբրեւ երախտագիտության դրսեւորում՝ ուղղված Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ տվեցին հայ գաղթականներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաեւ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել UWC Dilijan քոլեջի երկամյա Միջազգային Բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում է եւ հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ուսում եւ միջազգային փորձառության հնարավորություն ընձեռնել Մերձավոր Արեւելքի արժանի աշակերտներին, քանի որ Մերձավոր Արեւելքը ժամանակին դարձել է նաեւ մեծ թվով հայերի տունը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Աշխարհի տարբեր կողմերից երիտասարդներին համախմբելով՝ մենք փորձում ենք նրանց մոտ վաղ տարիքից միջազգային երկխոսության ու փոխըմբռնման մշակույթ ստեղծել, երբ նոր-նոր են ձեւավորվում փոխհարաբերությունները եւ մարդու արժեքային համակարգը։ Հուսով ենք, այսպիսով մենք նրանց դրդում ենք փոխըմբռնման, միմյանց հասկանալու՝ նույնիսկ դժվարին պահերին»։

Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսեւորել իրավաբանական ուսման տարիներին:

«Հպարտ ենք, որ կարող ենք աջակցել գալիք սերնդի կին առաջնորդների կայացմանը,- հավելել է Ռուբեն Վարդանյանը,- մենք անչափ ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ այս կրթաթոշակը տալիս է Լիբանանի եւ տարածաշրջանի մյուս երկրների ուսանողուհիների առջեւ»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում եւ մասնակցում է մարդասիրական եւ սոցիալական նախագծերի աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարեւոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների առաջադրումներ կարելի է անել մինչեւ 2016թ. սեպտեմբերի 9-ը։ Յուրաքանչյուր մարդ կարող է առաջադրել այն մարդասերներին, որոնք աշխարհի տարբեր կողմերում ջանք չեն խնայում մարդկային կյանք փրկելու եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Առաջադրելու համար խնդրում ենք անցնել այս հղումով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նպատակն է ձեւավորել լայնածավալ եւ համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է մինչեւ մեկուկես միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունն ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ բախտավորներ բացառապես փրկվել են՝ շնորհիվ խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փորձում է երախտագիտություն հայտնել՝ ներկայացնելով փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները, մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծերի, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, 100 LIVES նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի մի մասն է։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել` www.auroraprize.com։

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի մասին

Մերձավոր Արեւելքի հիմնադրամը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում օգնում է կառուցել ավելի կայուն, բարեկեցիկ եւ խտրականությունից զերծ համայնքներ։ 1915թ. Հայոց ցեղասպանությանն ի պատասխան ստեղծվելուց ի վեր, Մերձավոր Արեւելքի հիմնադրամն աշխատել է փախստականների հետ՝ ավելի քան 50 երկրներում կազմակերպելով նպաստամատույց եւ զարգացման ծրագրեր։ Վերջին 100 տարիներին հիմնադրամը գործել է հանուն խոցելի եւ քաղաքացիական իրավունքներից զրկված հասարակությունների՝ դրանց անդամներին փոխանցելով հմտություններ ու ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում ու տնտեսություններում ներգրավվելու եւ բարօրության հասնելու համար։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել` www.neareast.org։

United World Colleges (Աշխարհի միավորված քոլեջներ, UWC) շարժման մասին

United World Colleges շարժումը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերին ու մշակույթներին միավորող ուժի՝ միտված խաղաղությանն ու կայուն զարգացմանը։ 1962 թվականին հիմնադրված UWC կրթական շարժումը ներկայումս ներառում է 16 միջազգային դպրոց ու քոլեջ, ունի ավելի քան 150 երկրներում գործող ազգային կոմիտեներ եւ իրականացնում է մի շարք կարճատեւ ուսումնական ծրագրեր։

UWC Dilijan քոլեջը Արեւելյան Եւրոպայի եւ ԱՊՀ-ի տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին, Հայաստանի Դիլիջան քաղաքում եւ ներկայումս ունի 198 աշակերտ աշխարհի 72 երկրից։ Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա եւ թույլ է տալիս դիմել բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական դրությունից։ Աշակերտների 49%-ը ստանում է լրիվ կամ գրեթե լրիվ կրթաթոշակ, իսկ 43%-ին ցուցաբերվում է մասնակի ֆինանսական աջակցություն։ 2016 թվականի մայիսին UWC Dilijan քոլեջն ունեցավ առաջին շրջանավարտները, որոնցից շատերը կրթությունը շարունակեցին աշխարհի առաջատար կրթական կենտրոններում՝ Եյլի, Կոլումբիայի, Կալիֆորնիայի, Դյուկի, Բերկլիի եւ մի շարք այլ համալսարանում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել`   https://www.uwc.org/; http://uwcdilijan.org/:

Տեսանյութեր

Լրահոս