Լուսաղբյուրում 12-ամյա երեխան հայտնաբերվել է կախված. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 01.01.2004 թվականին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած:
Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։