«Մենք միշտ էլ մեր զգոնությունը պահում ենք և պատրաստ ենք տարբեր փոթորիկներին դիմագրավելու». Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2016-ի քառօրյա մարտական գործողությունները Պաշտպանության բանակի հատվածում ցույց տվեցին, որ պաշտպանության գիծը ինժեներական սարքավորումներով, թե՛ խորությամբ, թե՛ ամբողջ ճակատով, իր հագեցվածությամբ ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը:
«Ես բազմիցս ասել եմ` թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները արվում են միայն 2016 թվականին: Պարզապես համապատասխան աշխատանքներ այսօր վարվում են ինժեներական հագեցվածության ուղղությամբ: Տարբեր տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել առաջնագծում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման սարքերով հագեցվածության ուղղությամբ:
Հիշեցնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսել տարվել դեռ 2013թ-ի վերջին, 2014-2015 թվականներին»,- նշեց նա:
Ս. Օհանյանի խոսքով` քառօրյա պատերազմը ստիպել է, որպեսզի առաջնագծի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքներն ավելի արագ արվեն:
«Հիշեցնում եմ, որ շատ մարտական գործողություններում կանխարգելիչ դերակատարություն են ունեցել հենց տեսադիտարկման սարքերի առկայությունը, նրանցից ստացված տեղեկատվությունը և տվյալ դիրքերում գործող հրամանատարների, ենթակա զինվորների հմուտ գործողությունները»,- ասաց Ս. Օհանյանը:
Անդրադառնալով շփման գծում այսօր տիրող իրավիճակին` նա ընդգծեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը քիչ է, սակայն ադրբեջանական կողմից խախտումներ լինում են:
«Այն կրակոցներին, որոնք անկանոն են, չենք պատասխանում: Ձգտում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի, սակայն զինված ուժերի գործունեությունը միշտ էլ փոթորկի նման է. մենք միշտ էլ մեր զգոնությունը պահում ենք և պատրաստ ենք տարբեր փոթորիկներին դիմագրավելու»,- ասաց Սեյրան Օհանյանը: