Քրդերն ու թուրքերը Ջարաբլուսում ժամանակավոր հրադադար են հաստատել
«Ջարաբլուսի ռազմական խորհուրդը» և թուրքական բանակը պայմանավորվել են Սիրիայի Ջարաբլուս քաղաքում և դրա մերձակայքում կրակի ժամանակավոր դադարեցման շուրջ:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» անդամ, քուրդ քաղաքական գործիչ Ռեյզան Հեդուն:
«Առաջին փուլում խոսքը ժամանակավոր պայմանավորվածության մասին է, այլ ոչ թե մշտական: Սկզբնապես քննարկվում է 48 ժամով կրակի դադարեցումը:
Եթե պայմանավորվածությունը չխախտվի, ապա բանակցություններ կվարեն պատանդների փոխանակման վերաբերյալ: «Ջարաբլուսի ռազմական խորհուրդը» կարծում է, որ պայմանավորվածություն անհրաժեշտ է ագրեսիան կասեցնելու համար, որը թուրքական բանակը վարում է խաղաղ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Հեդուն:
Նա հայտնել է, որ քրդական ինքնապաշտպանական ուժերն ու «Դեմոկրատական խորհուրդ» կուսակցությունը ոչ մի պայմանավորվածություն չեն կնքել, և համաձայնությունը ձեռք է բերվել միայն «Ջարաբլուսի ռազմական խորհրդի» և թուրքական բանակի միջև, հայտնում է RIA Novosti-ն: