Արամ Մանուկյանի վիրահատությունն անցել է առանց բարդությունների
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, բարդություններ չեն եղել: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Բժշկի հետ եմ խոսել, նա ասել է, որ խնդիրներ չկան, ոտքի ոսկորների համադրությունը նորմալ իրականացվել է: Ոսկորների կպչողականությունը նորմալ ընթանում է: Ոսկորի վիրահատությունն արդեն ավարտվել է, քիչ անց կավարտեն մկանային կարերը»,- ասաց Բաղդասարյանը:
Նա ենթադրում է, որ Արամ Մանուկյանը վիրահատությունից հետո մի քանի օր կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որից հետո նրան կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց: «Այսօր կամ վաղը դեռ վաղ է խոսել այն մասին, որ Արամը կքայլի, բայց մոտ ապագայում հույս ունեմ, որ նա կքայլի»,- նշեց փաստաբանը: