Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով 4 անձ հայտնվել է ամբաստանյալի աթոռին. գործը դատարանում է
Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով 4 անձի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին, Էդուարդ Զեյթունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 19.07.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին, ով օգոստոսի 24-ին այն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: