Մերկելը շահագրգիռ է չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չափազանց շահագրգիռ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միաժամանակ, սահմանափակող միջոցառումներից հրաժարվելը բացատրելով Մինսկի համաձայնագրերի կատարմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:
Դաշնային կանցլերը հանդես է եկել Մոսկվայի գործողությունների խիստ քննադատությամբ:
Հիշեցնելով, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել` կապված Ղրիմի բռնակցման և Դոնբասի անջատողականներին օժանդակելու հետ, Մերկելն ընդգծել է, որ ոչ ոք անպատիժ չի կարող փոփոխել Եվրոպայի սահմանները:
Մերկելը հայտարարել է, որ ցնցվել է, երբ առաջին ռուսական տանկը հատել է ուկրաինական սահմանը: «Այսօր արդեն խոսքը ոչ թե մեկ տանկի մասին է, այլ բազմաթիվ տանկերի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Նրա կարծիքով` անջատողականներին ցուցաբերած Ռուսաստանի աջակցության պատճառով չի եղել ոչ մի օր, երբ Ուկրաինայի արևելքում չխախտվեր կրակի դադարեցման ռեժիմը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցներից հրաժարումը ձեռնտու կլիներ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Գերմանիային:
«Ես չափազանց շահագրգիռ եմ պատժամիջոցների դադարեցման հարցում: Այն պահին, երբ մենք առաջընթաց գրանցենք մինսկյան համաձայնագրերի կատարման հարցում, պատժամիջոցները կթուլանան»,- հայտարարել է Մերկելը: