Հայկական առաջին հումորային հավելվածը. «Կատակում են գյումրեցիները»
Օրերս թողարկվել է հայկական առաջին հումորային հավելվածը՝ «Կատակում են գյումրեցիները»: Android հավելվածը ստեղծվել է մեծ մասսայականություն ունեցող ֆեյսբուքյան համանուն խմբի հիման վրա:
Հավելվածի մասին 168.am-ին պատմել է հավելվածի համահիմնադիր Արսեն Վարդանյանը:
Արսեն Վարդանյանը նշում է մի քանի պատճառ, ըստ որոնց՝ ստեղծվել է հավելվածը:
«Վաղուց գաղափարն ունեինք, բայց սպասում էինք ավելի հասուն առիթի: Մոտ 65.000 կատակող ունեցող խմբի 4 տարվա բազան չցանկացանք հենց այնպես թողնել Facebook-ում և մտածեցինք այն տեղափոխել հավելվածների դաշտ: Սկզբի համար այն շատ հասարակ պատրաստեցինք, որպեսզի հասանելի լինի բոլոր օգտատերերին՝ անկախ տեխնիկական գիտելիքներից»:
Արսեն Վարդանյանը նշում է, որ արդեն հասցրել են հավելվածի հասարակ լինելու հետ կապված որոշ դժգոհություններ ստանալ: Սակայն նա նշում է, որ սա միայն սկիզբն է. հետագայում հավելվածն ունենալու է զարգացման մի քանի փուլ:
Հավելվածի բազայում այժմ կա 1200 կատակ: Կատակների թիվը պարբերաբար ավելանալու է:
«Մարդիկ հնարավորություն ունեն կատակները տարածել Facebook-ում, ավելացնել նոր կատակներ և զվարճանալ ի սրտե: Գործողությունների համար անհրաժեշտ է բացել կատակը, կատակը կարդալուց առաջ պարտադիր է որևէ մաթեմատիկական գործողություն կատարել, ինչը հնարավորություն կտա կարդալ նոր կատակը: Մենք նկատում ենք, որ պրիմիտիվ մաթեմատիկական հաշվարկներն արդեն ավտոմատացված համակարգերով ու հաշվիչներով են արվում ամենուր, և շատ հաճախ մարդիկ սխալներ են թույլ տալիս: Մենք էլ որոշեցինք այս կերպ շտկել իրավիճակը»:
«Կատակում են գյումրեցիները» հավելվածն իրենից ներկայացնում է 0 դրամով սկսված start-up ծրագիր: «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության թիմը, «Կատակում են գյումրեցիները» խմբի համահիմնադիրները և «Աննանիկս» ՍՊՆ-ն իրենց ունեցած ռեսուրսներն օգտագործել են, ինչպես իրենք են բնորոշում՝ մեծ բան ստանալու համար:
Արսեն Վարդանյանը նշում է, որ շուտով հնարավոր կլինի պրոդուկտը զարգացնել, դիմել դոնորների կամ պարզապես գովազդի հաշվին ինքնազարգանալ:
««Կատակում են գյումրեցիները դարձել է փոքրիկ բրենդ Գյումրու համար»,- նշում է Արսեն Վարդանյանը:
Սիրարփի Աղաբաբյան