Բրյուսելում 5 մարդ է ձերբակալվել քրեաբանության ինստիտուտի պայթյունի գործի շրջանակում
Բելգիայի իրավապահ մարմինների աշխատակիցները 5 մարդու են ձերբակալել` կապված Բրյուսելի քրեաբանության ինստիտուտից ոչ հեռու որոտացած պայթյունի հետ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը:
«Ձերբակալվել է 5 մարդ, որոնք գտնվել են պայթյունի վայրի անմիջական հարևանությամբ: Ներկայումս նրանց հարցաքննում են, որպեսզի պարզեն նրանց` կատարվածին հնարավոր առնչությունը»,- հայտնել է Բելգիայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես հայտնում են բելգիական ԶԼՄ-ները, գիշերը տեղի ժամանակով մոտավորապես ժ. 2:30-ի սահմաններում ավտոմեքենան հատել է ինստիտուտի արգելապատնեշը, ինչից հետո հարձակվողները լաբորատորիայի մոտ ռումբ են պայթեցրել:
Հաղորդվում է, որ պայթյունի պահին ինստիտուտի շենքում ոչ ոք չի եղել: Պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել:
Բելգիայում շարունակում է գործել ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը, որը սահմանվել էր Բելգիայի մայրաքաղաքի մետրոյում և օդանավակայանում հարձակումներից հետո, ինչի հետևանքով սպանվել էր ավելի քան 30 մարդ: