Ի՞նչ տեսքով պետք է մոտենալ Ս. Հաղորդությանը
Եկեղեցին Աստծո տունն է, հետևաբար՝ Տիրոջը ներկայանալու համար ամեն ոք պետք է լինի պատշաճ հագնված. տղամարդիկ՝ սափրված, եթե իհարկե բեղ կամ մորուք չեն պահում, իսկ կանայք՝ պարկեշտ զգեստներով և գլխաշորով, ինչպես նաև՝ առանց շպարի և շրթներկի:
Արարողության ընթացքում պետք է անջատել բջջային հեռախոսները, չխոսել և չզրուցել՝ աղոթական մթնոլորտը չխաթարելու և մյուսներին չխանգարելու համար: Միշտ պետք է հիշել՝ Եկեղեցին հագուստները կամ մեզ ցուցադրելու, մյուսներին զարմացնելու կամ գայթակղելու տեղ չէ, այլ՝ մարդ-Աստված հանդիպման վայրը, որտեղ մարդիկ գալիս են՝ աղոթելու, աստվածպաշտությանը մասնակցելու և իրենց սիրտն ու հոգին բացելու Աստծո առաջ:
Իսկ Ս. Պատարագը Եկեղեցու ամենակարևոր արարողությունն է, ուստի այդ խորհրդին պետք է մոտենալ լրջությամբ, հավատքով և երկյուղածությամբ:
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի
«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից