Այսօր Երևանում կկայանա ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ռուս IT ոլորտի մասնագետի հայցի քննությունը
«Կոմերսանտը» գրում է, որ այսօր Երևանում կսկսվի Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի արտահանձնման գործի քննությունը, որին Հայաստանի իրավապահները ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ի պահանջով:
Վերջինս աշխատում է ռուս-բելառուսական «Սինեզիս» ընկերությունում` որպես անվտանգության համակարգերի ոլորտի մասնագետ: Միրոնովն ամերիկյան իշխանությունների կողմից մեղադրվում է երկակի նշանակության տեխնոլոգիաների անօրինական փոխանցման և 50 հազար դոլարի լվացման մեջ։
Տղամարդը մեղքը չի ընդունում, ռուսական Հանրային պալատը պնդում է, որ Միրոնովի ձերբակալությունը կատարվել է միջազգային իրավական նորմերի խախտմամբ։
Ինչպես «Կոմերսանտին» հայտնել է հայազգի հայտնի փաստաբան Կարեն Ներսիսյանը, որը երեկ է ժամանել Երևան և ներկայացնում է Միրոնովի շահերը, վերջինս Հայաստան է ժամանել կնոջ հետ անցած ուրբաթ` այցելելու իր ընկերոջը և մտադիր էր հայրենիք վերադառնալ սեպտեմբերի 1-ին:
Սակայն Հայաստան ժամանելուն պես ձերբակալվել է և հարցաքննության նպատակով տարվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ նրան հայտնել են, որ հետախուզվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից անօրինական` 50 հազար դոլարի լվացման և երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցման մեջ:
Դրանից հետո նրան բանտ են տեղափոխել: Միրոնովը համաձայն չէ մեղադրանքի հետ:
Ինչպես նշել է Կարեն Ներսիսյանը, իրեն տարօրինակ է թվում ձերբակալման փաստը: Բանն այն է, որ անցած հուլիսին Միրոնովը շենգեն վիզա է ստացել, իսկ մինչ այդ եղել է Հնդկաստանում և հետախուզման հետ կապված խնդիրներ չեն եղել։ ԱՄՆ նա այցելել է մեկ անգամ՝ 2013 թվականին, երբ մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների սեմինարին։
«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից ինձ հայտնել են, որ Միրոնովը հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից, սակայն այդ կազմակերպության ոչ մի հետախուզական բազայում նրա անունը ես չեմ գտել»,- ասել է Ներսիսյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ Միրոնովին բանտում այցելել է ռուս հյուպատոսը: