Բաժիններ՝

Թուրքիայի բանակը զենք է մատակարարում ջիհադականներին. ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Ռամլան բին Իբրահիմին առանձին հղած նամակում Բաշար Ջաֆերին հայտնել է, որ Թուրքիան Հալեպում բանակային պահեստներ է ստեղծել եւ այդտեղից ջիհադականներին զենք եւ զինամթերք է մատակարարում:

«Օգոստոսին Սիրիա ներխուժած թուրքական զորամիավորումները տեղակայվել են Հալեպի հյուսիսում գտնվող Բիքահ ավանում եւ զենքի պահեստներ կառուցել: Այդ պահեստներից զենք եւ զինամթերք է մատակարարվում «Ֆեթիհ բանակ», «Նուսրայի ճակատ» եւ «Ահրար ալ Շամ» ահաբեկչական կազմակերպություններին», -նամակում նշել է Ջաֆերին:

Նամակում Ջաֆերին գրել է նաև, որ Թուրքիան Հալեպի ահաբեկիչներին հրթիռ եւ ականներ է ապահովում, եւ որ թուրք-սիրիական սահմանով անցել են նաեւ ջիհադականներին փոխադրող ավտոմեքենաների շարասյուներ:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին կոչ է արել Թուրքիայի սահմանները փակել զինված ահաբեկիչների առաջ եւ Անկարային ստիպել հրաժարվել ահաբեկչական խմբավորումներին զինելու քաղաքականությունից:

Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ եւս հայտնել էին Թուրքիայի կողմից Սիրիայում ահաբեկչական եւ ջիհադական կազմակերպություններին, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զենք եւ զինամթերք մատակարարելու եւ թիկունքային աջակցություն ցուցաբերելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս