«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անցել են լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ դատապարտյալ Ս. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ից հետո, երբ փակվել են քրեակատարողական հիմնարկի բոլոր խցերի դռները, հիշյալ հիմնարկի պատասխանատու ծառայողը բացել է որոշ խցերի դռներ և դատապարտյալներին ազատ տեղաշարժվելու հնարավորություն տվել: Արդյունքում՝ դատապարտյալները դուրս են եկել խցերից, աղմկել են՝ խանգարելով իր հանգիստը:
Բացի այդ, հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայող գումարի դիմաց դատապարտյալներին ալկոհոլային խմիչքներ է մատակարարել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն