Բաժիններ՝

«Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել». Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ներկայացրեց, որ նախարարության 2016 թ. կարիքները բավարարելու նպատակով գնման գործընթացն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում կազմեին և հաստատեին գնման հայտ, սակայն նախարարության կողմից իրականացվելիք որոշ ծրագրերի մասով, մասնավորապես՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «Հայաստանի Հանրապետություն մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը:

Ըստ Քարամյանի` նշված որոշման պահանջի չպահպանման համար հիմք է հանդիսացել ծրագրերում ներգրավված մասնակիցների որակավորման չափանիշների մասով պահանջվող փաստաթղթերի և տեխնիկական միջոցների անկոպլեկտայնությունը, առանց որի հնարավոր չէր տեխնիկական բնութագրերում ներառել մատուցվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ:

Ա.Քարամյանը հայտարարեց, թե նախարարության կողմից առ այսօր նման իրավիճակ չէր ստեղծվել, իսկ ծրագրերի իրականացումը ունի խիստ կարևոր նշանակություն նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սա աննախադեպ որոշում է, այլևս նման բան չի լինի, և հանձնարարեց պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատուներին, որոնց գործունեության հետևանքով թերացումներ են արձանագրվել նախարարության գնման գործընթացում: «Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս