Քաբուլի Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետևանքով 13 մարդ է սպանվել

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում` 7 ուսանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Սպանվել է նաև 2 զինյալ, որոնք իրականացրել են հարձակումը: Ներկայում համալսարանն ամբողջությամբ ազատվել է հարձակվողներից:

Համալսարանի վրա հարձակումը տեղի էր ունեցել չորեքաբթի` տեղի ժամանակով ժ. 19:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 17:30-ին):

Նախ` շենքի հարևանությամբ հզոր պայթյուն է որոտացել, ապա շենքի ներսում և դրսում հրաձգություն է սկսվել: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, վախենալով դուրս գալ թաքստոցներից, արգելափակվել էին լսարաններում:

Շենքի ազատագրման գործողությունը տևել է մոտ 10 ժամ: Այսօր սռավոտյան Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության պետը հայտնել է գործողության հաջող ավարտի մասին:

Հաջողվել է փրկել 750 ուսանոցի և համալսարանի աշխատակիցների: 35 ուսանող և 9 ոստիկան վիրավորվել է: Զոհերի թվում են համալսարանի անվտանգության 3 ծառայող ու 3 ոստիկան:

Տեսանյութեր

Լրահոս