Նիգերիայի շուրջ 4,5 մլն բնակիչներ պարենային օգնության կարիք ունեն. ՄԱԿ

Նիգերիայում, որտեղ շարունակվում է կառավարական ուժերի եւ «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների դիմակայությունը, պարենային օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մարտ ամսից ավելացել է կրկնակի եւ հասել 4,5 միլիոնի:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

ՊՀԾ-ի մասնագետները երկյուղում են, որ աֆրիկյան երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր իրադրությունը կարող է հանգեցնել այն բանին, որ կարիքավորների թիվն արդեն հաջորդ ամսին կավելանա եւս մեկ միլիոնով: Այս կանխատեսումը հիմնվում Է համալիր վերլուծության վրա, որն անցկացվել է ՄԱԿ-ի մի շարք հումանիտար գործակալությունների կողմից: Դրա հետ մեկտեղ Նիգերիայի այն բնակիչների թվաքանակը, որոնք հայտնվել են պարենային սուր ճգնաժամի պայմաններում, գնահատվում է 1 միլիոն: Նրանք գլխավորապես ապրում են Բոռնո, Յոբե եւ Ադամավա նահանգներում, որոնց տարածքում քայքայիչ գործունեություն են իրականացնում «Բոկո հարամ»-ի զինյալները:

«Մարդկանց պարենային օգնություն է անհրաժեշտ գոյատեւման համար: Դրա հետ մեկտեղ ավելի քան 65 հազար մարդկանց, որոնք ապրում են զինյալներից ազատագրված, բայց դեռեւս անհասանելի Բոռնոյի եւ Յոբեի շրջաններում, մեր գնահատումներով՝ սպառնում է սովը»,-նախազգուշացնում են մասնագետները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս