ՊՊԾ գնդում պատանդ մնացած փոխոստիկանապետը 2 բնակարան է գնել և 27 մլն նվեր ստացել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված:
Փոխոստիկանապետը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 2.1 միլիոն դրամ, 2.5 հազար ԱՄՆ դոլար, 3.1 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 1.85 միլիոն դրամ, 3.15 դոլար, 4.3 հազար եվրո: Նախորդ տարի Վարդան Եղիազարյանը եկամուտ է ստացել աշխատավարձից եւ նվիրատվությունից: Աշխատավարձը կազմել է 5 մլն դրամ: Նա 27.3 միլիոն դրամի համարժեք բնամթերքի տեսքով նվեր է ստացել: Այս դեպքում եւս չի նշվում, թե բնամթերքը կոնկրետ ինչ է եղել:
Փոխոստիկանապետի նախորդ տարիների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ (2014 թ.) նա ունեցել է 1 ամառանոց եւ մեկ բնակարան: Եղիազարյանի կինը՝ Կարինե Միրզոյանը, նախորդ տարի հայտարարագրել է 2.2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄն դոլար եւ 3.8 հազար եվրո: Վերջինս եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը ողջ տարվա համար կազմել է 1.8 միլիոն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: