Սեյսմոլոգները չեն բացառում Իտալիայում նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների կրկնությունը

Իտալիայում անցած գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո բացառված չէ նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր է առաջինին, կարծում է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի սեյսմոլոգ Անդրեա Տերտուլլիանին:

«6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հարուցում է մի շարք հետցնցումներ, որոնք, անկասկած, բազմաթիվ են ու նվազման միտում ունեն, սակայն չի կարելի բացառել, որ ստորերկրյա ցնցումները, որոնք ուժով հավասարազոր են առաջինին, կարող են կրկնվել»,- փորձագետի խոսքերը մեջբերում է իտալական Ansa գործակալությունը:

6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի առաջին ցնցումը, ըստ սեյսմոլոգների, տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 03.36-ին (Երևանի ժամանակով` ժ. 04.36-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լացիոյի մարզի Ակկումոլի քաղաքում` երկրի մակերևույթից մոտ 4 կմ խորության վրա:

5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 04.34-ին (Երևանի ժամանակով` ժ. 05.34-ին) Ումբրիայի մարզում:

Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում:

Տեղեկությունների համաձայն` ավերածություններ են գրանցվել Իտալիայի նվազագույնը 3 նահանգներում:

Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս