Հզոր երկրաշարժ Իտալիայում, կա նվազագույնը 14 զոհ
Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել գիշերը կենտրոնական Իտալիայում, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին:
Վերջին տվյալների համաձայն` Ակկումոլի քաղաքում զոհվել է նվազագույնը 6 մարդ, ևս 2 մարդ զոհվել է Արկուատա-դել-Տրոնտո, 5 մարդ` Ամատրիչե քաղաքում:
Առաջին ստորերկրյա ցնցումը` 6,0 մագնիտուդ ուժգնությամբ, ըստ սեյսմոլոգների, տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 03.36-ին (Երևանի ժամանակով` ժ. 04.36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակկումոլի քաղաքում` երկրի մակերևույթից 4 կմ խորության վրա:
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 04.34-ին (Երևանի ժամանակով` ժ. 05.34-ին) Ումբրիայի մարզում:
Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում:
Տեղեկությունների համաձայն` ավերածություններ են գրանցվել Իտալիայի նվազագույնը 3 նահանգներում: