«Ճիշտն ասած՝ ես ավելի լուրջ կարծիք ունեի քաղաքական ուժերի մասին, հիմա փոխել եմ». Վահան Խաչատրյան. ՀԺ

Մեր տեղեկություններով, Գյումրիում քաղաքապետի նոր թեկնածու է գրանցվելու ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը: «Այո, կարող եմ նաեւ ասել, որ ես եմ գլխավորելու ավագանու ցուցակը»,- մեզ հետ զրույցում հաստատեց Խաչատրյանը:

Ամիսներ առաջ Խաչատրյանը հայտարարել էր, թե ավագանու ցուցակը գլխավորելու ցանկություն չունի: Հիմա կարծես իրավիճակ է փոխվել:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում կարծես թե այնքան էլ չի ստացվում ընդդիմադիր ուժերի լայն համախմբումը, որը նախաձեռնել էր ԳԱԼԱ-ի  ղեկավարը:

Վերջինս այդ նպատակով բանակցություններ է ունեցել «Ժառանգություն», ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Համախմբում» եւ այլ կուսակցությունների հետ: ՔՊ-ն հայտարարել է ընտրություններին առանձին մասնակցելու մասին, «Ժառանգությունը» վերջերս հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ ձերբակալված են կուսակցության երեք առանցքային դեմքերը՝ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Առաջին երկուսին օրեր առաջ թեեւ ազատ արձակեցին, բայց միեւնույն է, «Ժառանգությունը» չփոխեց իր դիրքորոշումը: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Վահան Խաչատրյանը փոխանցեց, որ անգամ այս դեպքում այդ կուսակցության հետ որոշակի համագործակցությունը չի բացառվում: Կօգտագործվի «Ժառանգության» մարդկային ռեսուրսը, միգուցե որոշ անդամներ ընդգրկվեն ավագանու իրենց ցուցակում:

Իսկ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկումները դեռ շարունակվում են: Բանակցում են նաեւ «Հայազն», «Առաքելություն» եւ այլ կուսակցությունների հետ, ու մի քանի օրից պարզ կդառնա, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին. թեկուզեւ փոքրաթիվ կուսակցություններով՝ բայց համախմբում ի վերջո լինելո՞ւ է, թե՞ ոչ: Որոշ տեղեկությունների համաձայն, այս պահին կուսակցությունների հետ բանակցություններն այնպիսի արդյունք են տվել, որ մեծ է  հավանականությունը, թե արդեն ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունը հոկտեմբերի 2-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին առանձին մասնակցի: Ինքը՝ Վ. Խաչատրյանը, մեզ հետ զրույցում չբացառեց այդ հնարավորությունը եւ խոստովանեց, որ նախապես պատկերացրած լայն համախմբումը չի ստացվում: Վերջինս նախընտրական մեծ դաշինք կազմելու նախաձեռնության չստացվելը բացատրեց ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, մասնակցության ձեւաչափի եւ այլ հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դեռ հստակ կողմնորոշվածություն չունենալով, ինչպես նաեւ՝ ամբիցիաներով: «Ճիշտն ասած՝ ես ավելի լուրջ կարծիք ունեի քաղաքական ուժերի մասին, հիմա փոխել եմ»,- ասաց նա:

– Պարոն Խաչատրյան, Գյումրիի ընտրություններին ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ մի շարք այլ կուսակցություններ առանձին են մասնակցելու: Արդյոք այդ կուսակցությունների միջեւ չե՞ն բաժանվելու եւ այդպիսով չե՞ն փոշիացվելու ընդդիմադիր ընտրազանգվածի հնարավորությունները:

– Այո, այդպես է ստացվում: Հենց դրա համար էլ վեց ամիս առաջ, երբ դեռ չկար ԳԱԼԱ կուսակցությունը, ես շատ ուժերի հետ երկար բանակցություններ եմ սկսել: Բայց ձեր այս թվարկածների մեջ ոմանք այնքան էլ ընդդիմություն չեն: Մեր սուբյեկտիվ գնահատականներով՝ բանակցել ենք իսկական ընդդիմադիրների հետ, որ ընտրություններին ընդդիմադիր դաշինքով մասնակցենք: Դեռ այն ժամանակ մենք ընտրություններին առանձին գնալու միտում չունեինք: Կեսից հենց հասկացանք, որ խափանվելու է գործընթացը, սկսեցինք մտածել մեր կուսակցությունը ստեղծելու գաղափարի շուրջ եւ ստեղծեցինք: Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ մեզ հաջողվեր Գյումրիում ընդդիմադիր ուժերին համախմբել: Եվ եթե դա չի ստացվում Երեւանում կամ հանրապետությունում, գոնե այստեղ ստացվեր: Մեր հեռուստաընկերությունը տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, եւ մեր թիմը շատ լուրջ վստահություն ունի Գյումրիում: Ես քաղաքական ուժերին ասում էի, եկեք հաշվի նստեք այդ փաստի հետ, եւ կողքի թողնելով ձեր քաղաքական ամբիցիաները՝ այստեղ համախմբվենք: Բայց ես հաշվի չէի առել քաղաքական ուժերի ամբիցիաները, իրականությունից կտրված լինելը, միմյանց նկատմամբ այդ մարդկանց ունեցած անհանդուրժողականությունը: Ես իմ հաշվարկների մեջ սխալվեցի: Եվ այն մեծ համախմբումը, որը ես պատկերացնում էի, չստացվեց, բայց մեկ այլ բան կստացվի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս