Պուտինը, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ուկրաինական ճգնաժամի քննարկման նպատակով հանդիպել G20-ի շրջանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

Նշվում է, որ Պուտինը նախագահներին է պատմել Ուկրաինայի «սադրանքների» մասին:
«Վլադիմիր Պուտինը գործընկերների ուշադրությունն է հրավիրել ուկրաինական կողմի սադրանքների վրա, որը օգոստոսի սկզբին ՌԴ-ի տարածք է ուղարկել դիվերսանտների խմբի` ահաբեկչություններ անցկացնելու նպատակով: Ուկրաինայի հակումը նման կարգի ուժային գործողությունների նկատմամբ, վնասում է Մինսկի գործընթացին և Նորմանդյան ձևաչափի շրջանակում համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակներում:

«Երեք երկրների ղեկավարները համաձայնել են շարունակել անձնական շփումները ուկրաինական թեմատիկայով, մասնավորապես՝ համատեղ հանդիպում անցկացնել  սեպտեմբերի 4-5-ին կայանալիք «Մեծ քսանյակի» շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթաժողովի ժամանակ Պուտինը կհանդիպի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Տեսանյութեր

Լրահոս