««Ոչ մի թիզ հողը» նշանակում է՝ դուրս գալ բանակցություններից». Արամ Մանուկյան
«Ղարաբաղում հաջողություններ ունեցել ենք ռեալ անկախության, Ռուսաստանի, Իրանի աջակցության, Թուրքիայի չեզոքության, միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Այսօր ամբողջապես հակառակն է: Որևէ երկիր չկա, որն ամբողջությամբ կանգնած է Հայաստանի թիկունքին և պաշտպանում է հայկական շահը, Ղարաբաղի շահը: Երկիրը հզոր է այնքան, ինչքան բարեկամ ունի, երկիրը թույլ է և ապաշնորհ այնքան, ինչքան հակառակորդ ունի, որովհետև հակառակորդն ու թշնամին քո խելքի, վարվեցողության արդյունքում են կամ առաջանում, կամ անհետանում: Մենք այսօր կանգնած ենք մեր բարեկամների՝ մեզ համար անհետացման ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ Աստված մի արասցե, հնարավոր է՝ մեզ սպասվում են ավելի վատ օրեր, ավելի ծանր փորձություններ. «Եթե Ղարաբաղի հարցում երբեմն եղել են դժվար պայմաններ, հիմա դրանց գումարվել է կարճ ժամկետը, որի ընթացքում պետք է պատասխան տաս»:
Փոխզիջումների չգնալու մասին տարբեր հայտարարությունները նա որակեց՝ կեղծ հայրենասիրություն. ««Ոչ մի թիզ հողը» նշանակում է՝ դուրս գալ բանակցություններից: Ինչպե՞ս կարող ես բանակցել, եթե փոխզիջումների մասին չես խոսում: Բանակցությունը հենց փոխզիջում է նշանակում: Եթե Հայաստանում այսօր էյֆորիա է տարածված, որ Հայաստանը որևէ զիջում չպետք է անի, ներող կլինեք, ես արդեն դա չեմ հասկանում: Այսինքն՝ դու ասում ես, որ Հայաստանը բանակցություններից դո՞ւրս է: Ստեղծվել է մի անառողջ, էյֆորիկ վիճակ, երբ բոլորը մրցակցում են, թե խոսքի մեջ ով ավելի հերոս կլինի: Միշտ հաշվի առեք, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և քիչ ներուժ ունի դրանց դիմակայելու համար»:
Լրագրողի հարցին՝ Հայաստանի բոլոր իշխանությունները խոսել են փոխզիջումներից, այն պարագայում, երբ Ադրբեջանը մշտապես կոշտ դիրքորոշում է ունեցել, ու հիմա կրկին բարդ վիճակի առջև ենք կանգնած, գուցե դա՞ էր մեր խնդիրը, նա պատասխանեց. «Տարածքներ կորցրած երկիրը, գոնե լեքսիկոնի առումով, չի կարող կոշտ չլինել: Իրենց մոտ միշտ խոսքն էր, մեզ մոտ`գործը: Բայց հիմա մերոնք էլ են սկսել խոսել: Գործի առումով է, որ մենք ձախողումների գնացինք: Ապրիլը փաստ չէ՞ր: Էս իշխանությունները հետևություններ արեցի՞ն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: