2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները 5 առարկաներից արժանացել են 15 մեդալի
2015-2016 ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները 5 առարկաներից արժանացել են 15 մեդալի` 1 ոսկե, 3 արծաթե, 11 բրոնզե: 25 աշակերտներից կազմված թիմերը մասնակցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադաներ ին:
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը տեղեկացրեց, որ աշխարհագրության օլիմպիադային եւս ունեցել են 2 մասնակից, սակայն նրանցից ոչ ոք չի արժանացել մեդալի:
Տնօրենի խոսքով` պատճառներից մեկը, թերեւս, անգլերենի ոչ բավարար իմացությունն է:
«2015 թվականին մեդալների քանակն աննախադեպ էր՝ 20 մեդալ 28 մասնակիցներից: Չնայած այս տարի դեռեւս առջեւում է աստղագիտության օլիմպիադան, որին մասնակցելու է 5 աշակերտ` նախկինում տարբեր մեդալների արժանացած, եւ մեծ հավանականություն կա, որ այս տարի եւս նրանք կարժանանան մեդալների»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայկազ Նավասարդյանը:
Ֆիզիկայի օլիմպիական թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ ֆիզիկայի օլիմպիադայի մասնակիցներն առնվազն 2 տարի հաճախում են ֆիզմաթ դպրոց եւ մասնակցում լրացուցիչ պարապմունքների, քանի որ օլիմպիադայում ընդգրկված են այնպիսի թեմաներ, որոնք չկան հայաստանյան դպրոցների ծրագրերում:
Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Էդգար Վարդանյանը վերջին 3 տարում արժանացել է 9 մեդալի՝ ֆիզիկա եւ աստղագիտություն առարկաներից: Նա այս տարվա միակ ոսկե մեդալակիրն է:
«Բնականաբար, օլիմպիադան ունի որոշակի դժվարություններ, սակայն անհաղթահարելի չէ: Անցած տարի օլիմպիադայից առաջ մոտ 1 ամիս պարբերաբար աշխատել ենք թիմով: Ամառային օլիմպիադաներից առաջ մասնակցում ենք նաեւ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային, որը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել: Ես արդեն ավելի քան երկու տարի հաճախում եմ մեր դպրոցի լրացուցիչ պարապմունքներին, որոնք շատ եմ կարեւորում: Կարծում եմ` եթե ֆիզմաթ դպրոց չգնայի եւ փորձեի մնալ ուրիշ դպրոցներում, ապա օլիմպիադաներում նույն հաջողությունները չէի կարողանա գրանցել»,- նշեց ոսկե մեդալակիրը:
Սերգեյ Ներսիսյանն էլ մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է: Նրա խոսքով` դպրոցում ստացած գիտելիքները բավարար են օլիմպիադաներին մասնակցելու համար, սակայն լրացուցիչ աշխատանքի բացակայության դեպքում հնարավոր չէ հասնել ինչ-որ հաջողության:
Դպրոցի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ մեդալների քանակով Հայաստանը առաջ է հարեւան երկրներից: Վրաստանն արժանացել է 5, Թուրքիան` 7, իսկ Ադրբեջանը` 11 մեդալի: