ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահ զորակազմերը համատեղ վարժանքներ են սկսում Բելառուսում

Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում: Այս մասին հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում:

«Վարժանքների հիմնական նպատակներն են՝ փոխըմբռնման ամրապնդումն ու համագործակցությունը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ, բոլոր աստիճանների հրամանատարների ու շտաբների գործնական կարողությունների եւ հմտությունների կատարելագործումը խաղաղապահ գործողությանը պատրաստվելու եւ խաղաղապահ առաջադրանքները կատարելիս զորամասերն ու ստորաբաժանումները կառավարելու աշխատանքում»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում:

Ինչպես տեղեկացրել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, «ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերն առաջին անգամ կստանան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը եւ ճգնաժամային տարածաշրջանում կգործեն ՄԱԿ-ի առաքելության հետ փոխգործակցությամբ»: Վարժանքներին հրավիրված են ՄԱԿ-ի քարտուղարության եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

«Անխախտ բարեկամություն-2016» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 23-ից մինչեւ 27-ը Բրեստի մարզի «Օբուզ-Լեսնովսկի» զինափորձարանում: Բացի ռուս եւ բելառուս զինվորականներից, վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս