Ժամանակին երեխայի պատվաստումից հրաժարված մայրը հենց երեխայից վարակվել է կապույտ հազով

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը վստահեցնում է՝ Հայաստանում կապույտ հազի բռնկման, առավել ևս համաճարակի վտանգ չկա:

«Վերջին ժամանակներս որոշակի քննարկում է ծավալվել սոցիալական ցանցերում պատվաստման օգտակարության կամ վնասի մասին: Վերջերս Վանաձորում հղի կինը վարակվել է կապույտ հազով իր երեխայից: Հղիությունն այնպես է ընթանում, որ կա շատ մեծ ռիսկ, որ այն կարող է ընդհատվել: Ընդ որում, նա վարակվել է իր երեխայից, ում ժամանակին հրաժարվել է, որ պատվաստեն»,- ասաց Խաչատրյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի կապույտ հազով հիվանդ 3 ամսական երեխա էր մահացել, ում ծնողները ևս հրաժարվել էին պատվաստումից: «Մահ էր գրանցվել կարմրուկի պատճառով, ճիշտ է, այստեղ համակցված հիվանդություն էր եղել, բայց նորից ծնողները ժամանակին հրաժարվել էին նրան պատվաստել»,- նշեց փոխնախարարը:

Նա կոչ արեց չտրվել այն անհիմն, գիտականորեն չապացուցված կարծիքներին ու մտքերին, թե պատվաստումները վնաս են առաջացնում: «Հավատացեք, Հայաստանը ներկրում է լավագույն պատվաստանյութերը, և մասնագետները լավագույնս պատրաստված են: Յուրաքանչյուր երեխայի պատվաստումը լրջագույն քննություն է անցնում: Մենք մեծ հաջողություններ ունենք այս ոլորտում, ևշատ երկրներ մեզանից սովորելու բան ունեն»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս