Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը Հայաստան եկող գազամուղի պայթեցումը կանխելու համար

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր երախագիտությունն է հայտնել Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը Հայաստան եկող գազամուղի պայթեցումը կանխելու համար:

Նրա խոսքով` Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը արդյունավետ է գործել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

«Ցանկանում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ գործողությանը, քանի որ մեծ  դժբախտություն է կանխվել: Շատ կարևոր է նման արդյունավետ և ճիշտ ժամանակին իրականացված միջոցառումների անցկացումը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ելնելով նախաքննության ընթացքից` նա զերծ է մնացել հետագա մեկնաբանություններից:
«Կիրականացվի հետաքննություն: Կարելի է ասել մեկ բան` հայտնի է, որ կանխվել է շատ մեծ սպառնալիք, ինչի համար Պետական անվտանգության ծառայությունը արժանի է շնորհակալության»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Ինչպես ասվել է գերատեսչության ճեպազրույցի ժամանակ, հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի քաղաքացիները պատրաստվել են պայթեցնել Ռուսաստանն ու Հայաստանը միացնող գազատարը, որն անցնում է Արագվի գետի վրայով և հարակից է Սագուրամ գյուղի տարածքին:

Ձերբակալվել է 7 մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:

Բացի այդ, հանցագործության մասին չիրազեկելու համար ձերբակալվել է քաղաքացի Իրակլի Բ-ն:

Իրենց պլաններն իրականացնելու նպատակով՝ հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթանյութեր վերցնելու, սակայն վերցնելու պահին ձերբակալվել են:

Կալանավորվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք պլանավորում էին իրականացնել պայթյունները:

Տեսանյութեր

Լրահոս