Թուրքիան 5 մլրդ դոլար փոխհատուցում կկատարի Ռուսաստանին. Գյուլի խորհրդական

Թուրքիայի 11-դ նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական, «Ենիչաղ» թերթի լրագրող Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ Սու-24 ինքնաթիռի միջադեպի պատճառով խաթարված հարաբերությունները վերականգնելու դիմաց Թուրքիան պետք է Ռուսաստանին 5 մլրդ դոլար փոխհատուցում կատարի: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Անկարայի կուլիսների վստահելի աղբյուրներին հղում կատարած հոդվածում Թաքանը պնդել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու համար Անկարան պարտավորվել է 5 մլրդ դոլար վճարել:

«Ես ականջներիս չհավատացի…Խոցված ռուսական ինքնաթիռի համար Անկարան խոստացել է 5 մլրդ դոլար վճարել», -ասել է Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականը:

Նա նաեւ հիշեցրել է, որ դեռեւս հունիսին, ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացման մասին խոսակցությունների ժամանակ, Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT-ով հայտարարել էր, որ «անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է փոխհատուցում կատարել ռուսական ինքնաթիռի համար»:

Մոսկվան համաձայնվել է վերակենդանացնել Թուրքիայի հետ խարխլված հարաբերություններն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում ներողություն էր խնդրել ինքնաթիռի միջադեպի եւ ռուս օդաչուի սպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս