Ղազախստանն ու Իսրայելը ցանկանում են ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսել
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի` Իսրայել պաշտոնական այցի ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է բարձրտեխնոլոգիական սպառազինությունների արտադրման հարցը:
«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանում իսրայելական տեխնոլոգիայով անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ»,- ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագիծը իրագործվելու է Աստանայի ավիացիոն-տեխնիկական կենտրոնում, որն ունի անհրաժեշտ արդյունաբերական հզորություններ և կադրային պոտենցյալ ԱԹՍ-ների արտադրության և սպասարկման համար:
Բացի այդ` համաձայնագիր է կնքվել ղազախ զինվորականներին ԱԹՍ-ների օպերատորների նախապատրաստության իսրայելական կենտրոնի բազայում ուսուցում անցկացնելու վերաբերյալ: