Իրանը Ռուսաստանին մեղադրել է անպարկեշտ վարքագիծ դրսևորելու մեջ
Թեհրանում բացատրել են, թե ինչու է Ռոսաստանը շտապել հայտարարել իրանական օդանավակայանի օգտագործման մասին: Մոսկվան դա արել էր իսլամական հանրապետությունից առաջ, ինչի համար էլ ներկայումս Իրանի իշխանությունները բացահայտ հայտնում են իրենց դժգոհությունը:
ParsToday հեռուստաալիքի լրագրողները հարցրել էին Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին, թե ինչու են ռուսները առաջ ընկել իրանական իշխանություններից իրենց հայտարարություններով:
Ինչպես գրում է The Associated Press-ը, իրանցի նախարարը դրանում տեսել է պայքար ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև աշխարհում գերաշխանություն հաստատելու հարցում:
«Առաջին հերթին` ռուսները ցանկանում են ցուցադրել, որ գերկայսրություն են և ազդեցիկ պետություն և կարող են ազդել անվտանգության ոլորտում իրադարձությունների վրա: Երկրորդ` նրանց պետք է արդյունավետ երևալ Սիրիայի օպերացիաների հարցում, այնպես որ, նրանք կարող են բանակցություններ վարել ամերիկացիների հետ և երաշխավորել իրենց մասնակցությունը Սիրիայի քաղաքական ապագայում»,- Դեհգանի խոսքերը մեջբերում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանցի զինվորականի խոսքով` Ռուսաստանի թույլտվությունը տրվել էր Սիրիային հարվածներ հասցնելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավելացրել էր սպառազինությունների մատակարարումը սիրիացի ապստամբներին, որոնց աջակցում է:
Ավելի վաղ Դեհգանն ասել էր, որ Իրանը տրամադրել է իր ռազմաբազան ռուսական ինքնաթիռների համար Սիրիայի իշխանությունների խնդրանքով:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը:
Անցած շաբաթ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն առաջին անգամ օգտագործեցին Համադանի օդանավակայանը` հարվածներ հասցնելու Սիրիայում ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» դիրքերին: