«Ադրբեջանական իշխանություններին կնետեմ Կասպից ծովը». Ֆեթուլլահ Գյուլեն
Կովկասում չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման նախկին համակարգող, Վրասանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, որ Գյուլենը սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին:
Թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Քյուչյուքն ասել է, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենն այդ հայտարարությունն արել է իր ներկայությամբ, երբ Բաքվից բողոքել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ կառավարությունն ամեն ձեւով ճնշում են գյուլենականներին:
«Ես նրանց բոլորին կնետեմ Կասպից ծովը: Թող նրանք ինձ չստիպեն անել դա», -Քյուչյուքի խոսքով` ի պատասխան ասել է Գյուլենը:
Հայաթի Քյուչյուքը պատմել է, որ Փենսիլվանիայում նաեւ քննարկվել է նախագահ Իլհամ Ալիեւին տապալելու հարցը:
Հայաթի Քյուչյուքը 25 տարի ծառայել է Գյուլենի շարժմանը: Սակայն երեք տարի առաջ նա լքել է կազմակերպությունը եւ ներկայում, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, թուրքական մամուլում «մերկացնում» է գյուլենականներին:
Վերջին օրերին Քյուչյուքը հայտարարում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ ադրբեջանական ընդդիմության սերտ կապերի մասին: