Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել. Derniere heure
Բրուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին ապահովագրական վճարումները գնահատվում են շուրջ 160 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Derniere heure թերթը՝ վկայակոչելով Բելգիայի Assuralia ապահովագրորդների ասոցիացիան:
Հիշեցնենք, որ Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է եղել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի վագոնում՝ «Մալբեկ» կայարանում:
Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 32 մարդ, 340-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել, որոնցից մեկը մինչ օրս գտնվում է հոսպիտալում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորումը:
Անցյալ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին ընդհանուր առմամբ արդեն վճարել է ավելի քան 674 հազար եվրո:
Գերատեսչության տվյալներով՝ մինչ այժմ ֆինանսական օգնության ցուցաբերման հատուկ հանձնախումբ է տրվել 215 խնդրագիր, այդ թվում 84-ը՝ շտապ ֆինանսական օժանդակության վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` EPA