Կարլ Լագերֆելդը զբաղվելու է ինտերիերների դիզայնով
Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը մասնակցելու է ինտերիերների դիզայնի ստեղծման նախագծին:
Նա աշխատելու է Trump Group ընկերության հետ համատեղ, նրա խնդիրը Մայամիում The Estates at Acqualina բնակելի համալիրի երկու լոբբիների դիզայնի մշակումն է:
«Իմ դիզայնի համար ոգեշնչումը յուրաքանչյուր լոբբիի ձեւն է, աշտարակների բուն կառուցվածքը եւ Ֆլորիդայի նահանգի առանձնահատկությունները: Այն հայտնի է իր շոգ կլիմայով, եւ ես ցանկանում եմ ստեղծել ինչ-որ ավելի թարմ բան»,- մեկնաբանել է Լագերֆելդը:
The Estates at Acqualina համալիրը կներառի 50-հարկանի երկու աշտարակներ՝ Via Acqualina 777-ը եւ Via Acqualina 888-ը. հարկերը կունենան ֆիթնես-կենտրոններ, լյուքս դասի ռեստորաններ, սահադաշտ եւ կինոթատրոն:
Կարլ Օտտո Լագերֆելդը գերմանացի մոդելագործ է եւ լուսանկարիչ: Աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում: 1974 թվականին հիմնել Է սեփական շարքը՝ Karl Lagerfeld Impression-ը: 2010 թվականին նա դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ՝ մշակութի եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար: Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնում աշխատելուց բացի, նա նաեւ համագործակցում է Fendi-ի հետ եւ զբաղվում սեփական բրենդի զարգացմամբ: