Ադրբեջանում առաջարկում են «մաշկազերծել» սպորտի նախարարին

Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին` Ռիոյի օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար:

Այս մասին հայտնում է ադրբեջանական իշխանամետ haqqin.az լրատվական կայքը՝ նշելով, որ նման առաջարկությամբ հանդես է եկել, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին:

Ռիոյում ադրբեջանական մարզիկների, որոնց գերակշիռ մասը արտասահմանյան երկրներից հրավիրված օտարազգիներ են, իրար հետեւից կրած անհաջողություններից վրդովված Նաղին այդ ամենի մեջ մեղադրել է նախարար Ռահիմովին:

Վերջինիս զայրույթը հասել է գագաթնակետին, երբ Ադրբեջանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւը (66 կգ) կիսաեզրափակիչում խայտառակ պարտություն է կրել հայ մարզիկ Միհրան Հարությունյանից:

«Եթե մի քանի օր առաջ կողմ էի այն բանին, որպեսզի Ազադ Ռահիմովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից եւ պատասխանատվության ենթարկվի, ապա Չունաեւի պարտությունից հետո պետք է քերթել նրա մաշկը», -Facebook-ի իր էջում գրել է Նաղին:

Կայքը գրել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում նաեւ կոչեր են հնչել հայ ըմբիշին պարտվելու համար Լինչի դատաստանի ենթարկել ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաեւին:

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը խստորեն քննադատել են Չունաեւին, վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին: Նրանք անգամ առաջարկել են ստորագրություններ հավաքել Ադրբեջանի քաղաքացիությունից նրան զրկելու համար, կոչեր են հնչել երկիր վերադառնալու ժամանակ օդանավակայնում նրան լինչի ենթարկելու մասին:

Ադրբեջանի ղեկավարության հրահանգով հայատյաց դարձած` դեգրադացված հասարակությունը իր ներկայացուցչի նկատմամբ հայի յուրաքանչյուր հաղթանակ, անկախ բնագավառից, ցավագին է ընդունում եւ «մահապատժի» ենթարկում օր առաջ «հերոսացրած» իր քաղաքացուն:

Տեսանյութեր

Լրահոս