«Ինձ համար անընդունելի է գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելը». Արմեն Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին, Փաշինյանի հարցադրումներին պատասխանելուց հետո, նշեց, որ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, իր անունն են տալիս, մեկնում իր մտքերը ցանկացած եղանակով, և ընդգծեց, որ իր համար անընդունելի է գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելը. «Ես կարող եմ բաց ճակատով իմ մոտեցումն ասել: Ես հետևից չեմ խոսում, անազատության մեջ գտնվող անձի հետևից չեմ խոսում: Իմ գործունեության ընթացքում բոլորը գիտեն, որ ես բացառապես քաղաքական գործունեություն եմ իրականացրել, ոչ թե ասել եմ այն, ինչի համար գումար են տվել, մեկին քննադատել կամ վիրավորել եմ: Ես բիզնեսներ չունեմ, զբաղվում եմ քաղաքական ու մանկավարժական գործունեությամբ. դրա մասին բոլորը գիտեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ուզում է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պատվե՞ր է կատարում իր դեմ, ինչին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չգիտի. «Բայց փաստն այն է, որ 2009-ից սկսած՝ «Հայկական Ժամանակն» իմ դեմ հրապարակումներ է անում. «Չգիտեմ՝ պատվե՞ր է կատարում, թե՞ 2009-ից սկսած նա մրցակից է տեսնում ինձ»:
Ճշտող հարցին՝ դիտավորությո՞ւն է Փաշինյանի արածը՝ նա պատասխանեց. «Ինձ համար փաստն է կարևորը: Իսկ փաստը կա: Ինձ համար տհաճ էր լսել Փաշինյանի ասածը: Ես ուղիղ լսեցի, թե ինչ է ինքն ասել»:
Մարտիրոսյանը նշեց, որ պայքարը եղել է բացառապես քաղաքական, և նույնիսկ զինված գործողությունների արդյունքում ցանկացած իրավիճակ լուծվում է քաղաքական որոշումների արդյունքում. «Իշխանափոխության լավագույն միջոցը եղել ու մնում է բացառապես մեկը՝ հասարակության ակտիվ մասնակցությունը, քաղաքացիական անհնազանդությունը: Սա լավագույն ճանապարհն է իշխանափոխության: Իշխանությունը պիտի հասկանա, որ ինչպես ժողովուրդն իրեն բերել է իշխանության, այդպես էլ կարող է հեռացնել իշխանությունից: Ես չեմ հրաժարվում քաղաքական իմ սկզբունքներից, իմ քաղաքական պայքարից չեմ հրաժարվում, շարունակում եմ պնդել, որ Հայաստանին պետք են քաղաքական փոփոխություններ, ինքնիշխանության վերականգնում»:
Նա նաև հավելեց, որ իր պայքարը շարունակելու է, այսօր երեկոյան լինելու է Ազատության հրապարակում: