«Նիկոլ Փաշինյանը խոսքեր է ասում, որոնք Ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքներում գրել. դրանք իրականությանը չեն համապատասխանում». Արմեն Մարտիրոսյան
Այն, ինչ խոսել է Նիկոլ Փաշինյանը, ուղղակի անթույլատրելի էր ինձ համար: Այսօրվա ասուլիսին այսպես ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կայքերից մեկին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հարցադրումներին: «Նա մի քանի հարցադրումներ է ներկայացրել, որոնց հիմա կպատասխանեմ, քանի որ արդեն ազատության մեջ եմ: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա որևէ կալանավորվածի հետ կապված ինչ-որ հարցադրումներ իրականացնել, որքան էլ դրանք հիմնավոր լինեն: Բայց այս պարագայում նա հղում է անում ու խոսքեր է ասում, որոնք, ըստ էության, Ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքներում գրել և որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ընդ որում, որոշ հարցադրումներ էր արել, որոնք նույնիսկ ոստիկանները չէին արել, էլ չեմ խոսում իշխանության ներկայացուցիչների մասին, որոնք շատ զուսպ են պահում իրենց այս օրերի ընթացքում: «Սասնա ծռերի» գրաված գունդ այցելելու ու իբրև այնտեղ մարդկանց տանելու իմ ցանկության մասին ասեմ, որ նման ցանկություն չի եղել: Երբ ես ասել եմ, որ «Սասնա ծռերն» ու ժողովուրդը պետք է միանան, իրենք կարող են հասկանալ էլեկտրական զոդում, որովհետև դա է նշանակում, կամ կարող են հասկանալ, որ սուպեր սոսինձով գնանք ու իրար կպնենք: Բայց բոլոր իմ ելույթների իմաստն այն է եղել, որ ամեն ինչ անենք, որ տղաներն ազատվեն, հասարակության հետ լինեն: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, պահանջները քաղաքական էին»:
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը՝ զենք պահելու հետ կապված, Մարտիրոսյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, թե ինչ եմ ես նկատի ունեցել, երբ ասել եմ, որ այդ զենքը պետք է վերահսկողության տակ լինի: Բարեբախտաբար, կա ամբողջական հարցազրույցը: Ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել, որ ժողովուրդը հանկարծ այդ ուղղությամբ գնա, ասել եմ, որ դեմ եմ: Պատասխանեմ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչ եմ նկատի ունեցել, երբ ասել եմ, որ չեմ ցանկանա, որ հանկարծ զենքը կրիմինալի ձեռքն անցնի, բա ո՞ւմ ձեռքում դա պետք է լիներ: Տարբերակ 1. զենքն այն ոստիկանների վերահսկողության ներքո է, ովքեր անցնում են ժողովրդի կողմը, իսկ այդպիսիք շատ են, մի քանի հարյուր ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան՝ դա Ներքին զորքերի մի մասն է, Արցախից եկած հատուկ ջոկատայինները: Տարբերակ 2. զենքը կարող էր վերահսկել ՀՀ մայրաքաղաքում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որևէ մեկը: 3-րդ՝ զենքը կարող էր վերահսկել նաև ԱԱԾ որևէ ստորաբաժանում: 4-րդ՝ զենքը կարող էին վերահսկել ԱԻՆ աշխատակիցները, որևէ ստորաբաժանում, որովհետև հատուկ դրության ժամանակ կամ արտակարգ իրավիճակներում իրենք էլ են ուժային կառույց համարվում: Եվ վերջին տարբերակ՝ զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչների և ուժային կառույցների համատեղ ջանքերով: Ես հիմա ասում եմ այն, ինչ նկատի եմ ունեցել, ու խնդրում եմ՝ այսուհետ որևէ մեկն իմ խոսքերն ըստ իր հայեցողության չմեկնաբանի: Ես դեռևս սրբերի դասին չեմ դասվում, աստվածային էություն չունեմ, շատ մեղավոր անձ եմ, մեղքերով լեցուն, ու բացարձակ կարիքը չկա իմ մեկնիչը լինելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: