Հալեպում սիրիացի փոքրիկի արնաշաղախ լուսանկարը ցնցել է ողջ աշխարհը
Սիրիացի հակակառավարական ակտիվիստները հրապարակել են շոկային կադրեր` սիրիացի փոքրիկ տղայի մասնակցությամբ, որը փրկվել է Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածներից:
Շտապօգնության մեքենայում նստած խորը շոկի մեջ գտնվող փոքրիկի տեսանյութն ու լուսանկարները տարածվել են համացանցում` հարուցելով սարսափի և վրդովմունքի ալիք:
Բժիշկների տեղեկություններով` երեխայի անունը Օմրան Դաքնիշ է, նա 5 տարեկան է: Նախօրեին նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, երեխան ունեցել է գլխի լուրջ վնասվածք:
Դեռևս պարզ չէ, թե ինչ է եղել նրա ընտանիքի անդամների հետ, գրում է The Guardian-ը:
Հալեպի ընդդիմադիրները հայտնում են, որ վիրավոր երեխայի լուսանկարն արվել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Քաթերջի շրջանին հասցված ավիահարվածներից հետո, որին զոհ է դարձել 4 մարդ, 12-ը վիրավորվել է:
Բժիշկներից մեկը հայտնել է, որ երեխայի գլուխը թեև վնասվել է, սակայն նրա մոտ գլխուղեղի վնասվածք չի հայտնաբերվել և ավելի ուշ նա դուրս է գրվել հիվանդանոցից: