Մադոննան ծննդյան օրը նշել է Կուբայում. խնջույքը տեւել է մինչև ուշ գիշեր
Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Մադոննան օգոստոսի 17-ին ավարտել է իր այցը Կուբա՝ կղզում շռնդալից տոնելով իր ծննդյան օրը: Տոնը հենց այնտեղ նշելու որոշումը նա պատահականորեն չի կայացրել. նրա դստեր՝ Լուրդեսի հայրը կուբացի հայտնի խորեոգրաֆ եւ դերասան Կառլոս Լեոն է:
Ծննդյան օրվա տոնակատարությունն սկսվել է օգոստոսի 15-ին «Լա Վիտրոլա» մասնավոր ռեստորանում տեղի ունեցած ճաշկերույթով, որտեղ կուբայական ավանդական երաժշտության ներքո խնջույքը տեւել է մինչեւ ուշ գիշեր: Հաջորդ օրը տոնը շարունակվել է Հավանայի «Լա Գուարիդա» ռեստորանում: Երեկույթի ժամանակ փոփ-աստղին, որի 58 տարին լրացել է օգոստոսի 16-ին, նկարահանել են սեղանի վրա կուբայական սոն պարելիս:
Մադոննան իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 300 մլն ձայնագրություն, ինչը համաշխարհային ռեկորդ է, որը ներառվել է Գիննեսի ռեկորդների գրքում: Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (Recording Industry Association of America) տվյալներով՝ նա վաճառքների ծավալով 20-րդ դարի առաջատարն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP