Հայաստանում արտակարգ պատահարների նվազում է արձանագրվել. Հովհաննես Խանգելդյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակին արտակարգ դեպքերի ու պատահարների լուրջ նվազում է գրանցվել:
«Ուզում եմ ուրախությամբ նշել, որ երկար տարիներ մենք չենք ունեցել այսպիսի վիճակագրություն, արտակարգ դեպքերի ու պատահարների լուրջ նվազում, որն արտահայտվել է նաև զոհերի ու տուժածների թվաքանակի վրա: Գրանցվել է 5 հազար 203 արտակարգ դեպք ու պատահար, ինչը 555-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը:
Արձանագրված պատահարների հետևանքով զոհվել է 229 և տուժել 4 հազար 119 մարդ: Խանգելդյանը նկատեց, որ փոքր-ինչ աճ է արձանագրվել թունավորումից տուժողների թվաքանակում: «Թունավորումների վիճակագրության մեջ ունենք նվազում` գրանցվել է 11 զոհ, անցած տարի 22 է եղել»,- ասաց նա:
Հովհաննես Խանգելդյանի տեղեկացմամբ` 430-ով նվազել են տեխնածին աղետները, հատկապես հրդեհների ու ՃՏՊ-ների դասում է նվազում գրանցվել: «Այս տարվա առաջին կիսամյակն աչքի ընկավ 1406 հրդեհով, որն աննախադեպ ցածր է այդ ժամանակահատվածի համեմատ: Դրական նվազում ունենք ՃՏՊ-ների թվաքանակում, որտեղ երկար տարիներ աճ էր նկատվում»,– ասաց Խանգելդյանը:
Նա նշեց, որ ՃՏՊ-ները նվազել են 71-ով, զոհերի թիվը` 25-ով: Տուժածները 1956-ն են` անցյալ տարվա 2277-ի համեմատ: