«Սահմանադրական հանրաքվեի նախօրեին մենք թույլ չենք տա չարտոնված երթեր, միտինգներ ու պիկետներ». Ադրբեջանի ՆԳ փոխնախարար

Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Օրուջ Զալովը ԿԸՀ-ի կողմից կազմակերպված շրջանային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրական հանրաքվեի նախօրեին Ադրբեջանի ներքին գործերի մարմինները կձեռնարկեն հնարավոր ամեն ինչ` հասարակական կարգը պահպանելու համար:

«Մենք թույլ չենք տա հանրաքվեի նախօրեին անցկացնել չարտոնված երթեր, միտինգներ ու պիկետներ»,- հայտարարել է Զալովը, ում խոսքերը ներկայացնում է APA գործակալությունը:

Զալովը հայտարարել է, թե ոչ ոքի թույլ չի տա վնասել այդ գործընթացին:

«Ընտրական հանձնաժողովի դիմումից 10-15 րոպե անց ոստիկանությւնը տեղում կլինի: Գրանցված «ագիտացիոն խմբերն» իրենց քարոզչությունը կիրականացնեն սահմանված փակ և բաց վայրերում: Հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության աշխատակիցները կաշխատեն ուժեղացված ռեժիմով»,- ասել է նա:
«Առաջանում են որոշ խնդիրներ, որոնք մենք լուծում ենք: Ներկայումս լուրջ խնդիրներ չկան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-¬ին: Փոփոխությունները բացահայտ ուղղված են նախագահի՝ առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը:
Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու և պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից հասցնել 18-ի:

Տեսանյութեր

Լրահոս