«ԱՄՆ-ը միջուկային ռումբերը Թուրքիայից տեղափոխում է Ռումինիա». EurActiv
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել միջուկային ռազմամթերքը Թուրքիայից Ռումինիայի «Դևեսելու» ռազմաբազա տեղափոխելու գործին, հայտնում է Բրյուսելի EurActiv ինտերնետ պարբերականը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«ԱՄՆ-ն սկսել է Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին միջուկային զենքը Թուրքիայից տեղափոխել Ռումինիա»,- գրում է պարբերականը:
Դրա տեղեկություններով` օպերացիան բարդ է «ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական պլանում»:
«Հեշտ չէ 20 միջուկային ռումբ տեղափոխելը»,- EurActiv-ը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը:
Պաշտոնապես չճշտված տեղեկությունների համաձայն`Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում Սառը պատերազմի ժամանակներից ի վեր տեղակայված է ԱՄՆ-ի տակտիկական միջուկային զենքի 50 միավոր:
Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման ժամանակ երկրի իշխանությունները կալանավորել են ռազմաբազայի հրամանատարին և ժամանակավորապես արգելել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին թռչել բազա կամ դուրս գալ այդտեղից:
EurActiv-ի աղբյուրի խոսքով` հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները այնքան են վատացել, որ Վաշինգտոնը այլևս չի վստահում Թուրքիային միջուկային զենքի պահպանությունը:
«Ռումինական «Դևեսելու» բազան ամերիկյան հակահրթիռային վահանի տեղակայման նոր վայրն է, որը ուժեղ կերպով նյարդայնացնում է Ռուսաստանին»,- նշում է EurActiv-ը: