ԱՄՆ հետախուզությունը առաջին գաղտնի ճեպազրույցն է անցկացրել Թրամփի համար

ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի համար առաջին գաղտնի ճեպազրույցն են անցկացրել` նվիրված ազգային անվտանգությանը:

Ճեպազրույցին ներկա գտնվելու հնարավորությունը, որը կազմակերպել էր Ազգային հետախուզության վարչակազմի տնօրենը, տրամադրվում է ԱՄՆ-ի երկու հիմնական կուսակցությունների նախագահների թեկնածուներին:

Երկժամյա հանդիպումն անցկացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նյույորքյան գրասենյակում: Նման ճեպազրույցները կոչված են նախապատրաստել նախագահի թեկնածուին` նրան տեղեկություն տրամադրել ԱՄՆ-ին սպառնող գլոբալ վտանգների մասին:

Միևնույն ժամանակ, NBC հեռուստաալիքի տվյալով` Թրամփը ոչ մի տեղեկություն չի ստացել հետախուզական օպերացիաների և լրտեսության մասին:
Անձամբ Թրամփը չի մեկնաբանել ճեպազրույցի ժամանակ լսածները: Հետախուզության աշխատակիցների հետ հանդիպումից առաջ Թրամփը պատմել է, որ այնքան էլ նրանց չի վստահում:

«Այնքան էլ շատ բան չեն արել այդ մարդիկ մեր երկրի համար վերջին 10 տարում: Նայեք, թե ինչ է կատարվել այդ տարիներին: Դա աղետ էր»,- հայտարարել է նա Fox News-ի եթերում:

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության անդամները մտավախություն էին հայտնել, թե Թրամփին կարելի է վստահել գաղտնի տեղեկություններ:

Տեսանյութեր

Լրահոս