Բաժիններ՝

Միհրան Հակոբյանն անդրադարձել է ԱՄՆ իր այցը չեղարկելու դեսպանատան քայլին

«Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանն անդրադարձել է «Open World 2016» ծրագրին մասնակցելու նպատակով իր՝ ԱՄՆ մեկնելը դեսպանատան կողմից չեղարկելու հանգամանքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միհրան Հակոբյանը պարզաբանեց, որ մուտքի արտոնագրի հա մար ինքն ԱՄՆ դեսպանատուն չի դիմել, իրեն զանգահարել են դեսպանատան աշխատակիցները և առաջարկել են մասնակցել «Open World 2016» ծրագրին:

«Ես ընդունել եմ ծրագրին մասնակցելու առաջարկը և լրացրել եմ «application form»-ը: Նրանք ինձ ասել են, որ նորություն լինելու դեպքում ինձ տեղյակ կպահեն: Երբ «Հրապարակ» օրաթերթում կարդացի հրապարակումը, թե դեսպանատունը չեղարկել է իմ այցն ԱՄՆ, զանգահարեցի դեսպանատան այն աշխատակցին, ով առաջարկել էր մասնակցել ծրագրին, ում հետ ես հեռախոսային և նամակագրային կապ եմ պահպանել:

Ինձ պատասխանեցին, որ ծրագրի մասին տեղեկատվություն կլինի սեպտեմբերին, իսկ հրապարակման մասին տեղյակ չեն: Այսօր ինձ զանգահարեց ԱՄՆ դեսպանատնից մի պաշտոնյա, ով տեղեկացրեց, որ իմ այցը չեղարկվել է, քանի որ Երևանում զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գունդը գրավելու հետ կապված իմ ֆեյսբուքյան գրառումներն անհամատեղելի են ծրագրի հետ:

«Հիմա ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք մենք այսուհետ պե՞տք է զգուշանանք խոհանցում կամ սրճարանում կարծիք հայտնելուց, թե՞ պետք է կարծիքներ հայտնենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունների տրամաբանության մեջ: Միթե՞ սա է խոսքի ազատությունը, և սա է դեսպանատան ազդակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ իր այցը չեղարկելու մասին դեսպանատնից իրեն տեղյակ չեն պահել. այդ մասին իմացել է թերթերից: «Կոռեկտության և բարեկրթության պակասի դրսևորում է այն հանգամանքը, որ հրավիրող կողմի ծրագրերում ինչ-որ բան է փոխվում, և հրավիրվողն այդ ամենի մասին իմանում է թերթերից: Ստացվում է, որ դեսպանատունը չեղարկել է իմ այցը, այդ մասին ինձ տեղյակ չի պահել և «սլիվ» է ուղարկել թերթերին: Փաստորեն նրանք արդեն սկսել են քաղաքացիների հետ թերթերի միջոցով շփվել: Ի՞նչ է ստացվում է, որ դեսպանատունը հրավիրում է մասնակցել ծրագրի, այնուհետև չեղարկում է այցը՝ առանց հրավիրվողին տեղյակ պահելու, որպեսզի թերթային «սլիվի» միջոցով հրավիրվածի հաշվին միավորնե՞ր հավաքի: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է իմ հաշվին ինքնահաստատվե՞լ, թե” աջակցում է զինված խմբի գործողությունները պաշտպանող ֆեյսբուքյան հայհոյողներին»,- եզրափակեց Հակոբյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս