ՀՀ-ում Չինաստանի դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը հուլիսյան դեպքերի ժամանակ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը: Օգոստոսի 1 6-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է 2016 թվականի մայիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Վարդան Եղիազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների փոխգործակցությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնելու կապերը, որոնք կնպաստեն հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին: Հյուրերին հակիրճ ներկայացվել են նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:

Տիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Միևնույն ժամանակ, դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության գործողությունները և արհեստավարժությունը հուլիսին Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ և զորակցություն հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև համագործակցության և նոյեմբերին Բալիում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման ենթակա հարցերը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս