Ժիրայր Սէֆիլյանի կոչը՝ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին
Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:
Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:
Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ
1. 1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,
2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:
Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.
1. ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,
2. տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո:
«Վարդաշեն» ՔԿՀ
16 օգոստոսի, 2016