Վատ էկոլոգիան տարեկան 2,6 տրլն դոլար կարժենա աշխարհի վրա. ՏՀԶԿ
Առաջիկա 45 տարում օդի աղտոտման պատճառով վաղաժամ կմահանա ավելի քան 200 մլն մարդ: Այս կանխատեսումն արել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
Նրա գնահատումների համաձայն՝ մինչեւ 2060 թվականը ներառյալ նման մահերի թվաքանակը տարեկան կկազմի մոտավորապես 6-9 միլիոն՝ 2010 թվականի 3 միլիոնի համեմատությամբ:
2060 թվականի վերջին համաշխարհային տնտեսությունը տարեկան կկորցնի 3,75 մլրդ «մարդաօր» աշխատակիցների առողջության եւ աշխատանքի արտադրողականության վրա օդի աղտոտման ազդեցության պատճառով: Նման աղտոտման ուղղակի արդյունքը, ինչպես կանխատեսում են ՏՀԶԿ-ի փորձագետները, կարող Է գերազանցել համաշխարհային համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը կամ տարեկան 2,6 տրլն դոլարը:
Դրա հետ մեկտեղ ավելի կտարածվեն օդի աղտոտման հետ կապված հիվանդությունները, այդ թվում՝ 6-ից մինչեւ 12 տարեկան երեխաների մոտ բրոնխիտի նոր դեպքերի թվաքանակը կավելանա չորս անգամ՝ տարեկան մինչեւ 33 միլիոն, մեծահասակների մոտ՝ գրեթե երեք անգամ՝ տարեկան մինչեւ 10 միլիոն: Երեխաներն ավելի ու ավելի հաճախ կհիվանդանան ասթմայով: Առավել ծանր իրավիճակ կստեղծվի բնակչության մեծ խտություն եւ աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող երկրներում, ներառյալ Հնդկաստանը եւ Չինաստանը, մահացության եւ հիվանդացության բարձր ցուցանիշներ են սպասվում նաեւ Արեւելյան Եվրոպայում, կովկասյան տարածաշրջանում, Ասիայի երկրներում, ներառյալ Հարավային Կորեան:
ՏՀԶԿ-ի գնահատումների համաձայն՝ արդեն այժմ աշխարհն ունի այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան Էականորեն մաքրել օդը: Սակայն իշխանությունները նախընտրում են հաշվի առնել միայն այդօրինակ տեխնոլոգիաների ծախսատարությունը կարճաժամկետ հեռանկարում, այլ ոչ թե դրանց երկարաժամկետ առավելությունները՝ ինչպես տնտեսական, այնպես Էլ սոցիալական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: