Նոր մանրամասներ Մոսկվայում հայ տարեց տղամարդու սպանությունից

Rusarminfo.ru-ն տեղեկացնում է, որ նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 12-ի գիշերը Մոսկվայի «Ռյազանի պողոտա» մետրոյի առևտրային կետի հարևանությամբ Հայաստանի քաղաքացի, 69-ամյա Լև Քամալյանի սպանությունից:

Նշվում է, որ ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե նրա սպանությանն առնչություն ունեն սափրագլուխները, չի հաստատվել:

Իրավապահ մարմինները, օգտագործելով տեսահսկման սարքերի տվյալները, պարզել են, որ Քամալյանի սպանությունն իրականացրել է Մոսկվայում բնակվող Կուրսկի բնակիչ Իվան Սկորկինը, որն ավելի վաղ կրկնակի դատվել է ավազակային հարձակման համար:

Սպանության կատարման նույն օրը ոստիկանները պարզել են հանցագործի գտնվելու վայրն ու ձերբակալել:

Ականատեսների խոսքով` մինչ Քամալյանի վրա հարձակվելը վերջինս անցել է նրա խանութի մոտով և պահանջել վաճառել ալկոհոլային խմիչք գիշերը` ժ. 02.00-ի սահմաններում: Տղամարդը մերժել է վերջինիս, քանի որ գիշերային ժամերին ալկոհոլի վաճառքն արգելվում է:

Դրանից հետո հանցագործը հեռացել է և ժ. 05.00-ի սահմաններում վերադարձել դանակով զինված, որն իրավապահներն առգրավել են նրան ձերբակալելիս: Քամալյանը ՌԴ քաղաքացի էր:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
ARMINFO-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը հայտնել է, որ եթե բոլոր տվյալները հաստատվեն, հանցագործին կսպառնա մինչև 15 տարվա ազատազրկում:

Քամալյանի հուղարկավորությունը կայացել է նախօրեին Լյուբերեցկի գերեզմանատանը:
Ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնել էր, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները որոնում են մի խումբ երիտասարդների, որոնք օգոստոսի 12-ի գիշերը սպանել են երկու տղամարդու` շուրջօրյա աշխատող գարեջրի խանութի տիրոջը և առևտրային կետի հաճախորդին, ինչպես նաև վնասել ականատեսներից մեկին:

Ըստ ականատեսների` 3 անսթափ վիճակում գտնվող երիտասարդ է անցել: Ականատեսները նկատել են, որ նրանք կրել են բանակային ճտքավոր կոշիկներ:

Նշվում էր, որ իր կրպակի մոտ այդ ժամանակ նստած է եղել տերը` Լև Քամալյանը: Ագրեսիվ երիտասարդները վիճել են տարեց տղամարդու հետ, ապա նրանցից մեկը հանել է դանակն ու հարվածել սրտին: Ստացած հարվածից Քամալյանը մահացել է:
Հանցագործների երկրորդ զոհը դարձել է գարեջրի կրպակի հաճախորդը` Ղազախստանի բնակիչ, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես սպանել են` դանակով հարվածելով սրտին:

Տեսանյութեր

Լրահոս