Օհանյանն ու Շոյգուն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների գործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:
Քննարկվել են նաև Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: Հայաստանի պաշտպանության նախարարն աջակցությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:
Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը: