ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև
Ղրիմի և Դոնբասի շուրջ լարվածության սրացման ֆոնին Եվրամիությունը առաջարկել է միջնորդ դառնալ Ուկրաիայի և Ռուսաստանի միջև: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Բրյուսելում, հայտնում է Deutsche Welle-ն:
Ընդ որում` զրուցակիցը չի նշել, թե ինչպիսին պետք է լինի միջնորդի այդ դերը: Սակայն գլխավորը, նրա խոսքով, իրավիճակի կայունության ազդանշան ստանալն է:
Նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, թե Գերմանիան Ղրիմի դեպքերի հետաքննության արդյունքներ է ակնկալում թե´ Ուկրաինայից, թե´ Ռուսաստանից:
Ավելի վաղ Մոսկվան Ղրիմում դիվերսիոն օպերացիայի կազմակերպիչ էր անվանել Ուկրաինայի ՊՆ հետախուզության վարչության աշխատակից Վլադիմիր Սերդյուկին: Վերջինս հերքում է իր առնչությունը:
Նախօրեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր, որ կանխել է Ղրիմում ուկրաինացի զինվորականների կողմից կազմակերպված ահաբեկչություններն ու դիվերսիաները: Հատուկ գործողության ժամանակ սպանվել էր ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայող և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից: