Խոշոր հրդեհներ Պորտուգալիայում. կան զոհեր
Պորտուգալիայում անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Մադեյրա կղզում ծանր այրվածքներ ստացած մեկ մարդ մահացել է հիվանդանոցում, հայտնում է իսպանական 24 Horas հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին: Վերջիններս մահացել էին Մադեյրայում նախօրեին, 1 հրշեջ մահացել էր հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս:
Մադեյրա կղզում իրավիճակը ներկայումս կայունացել է: Ընդհանուր առմամբ` ամբողջությամբ այրվել է կամ կրակից մասնակի տուժել 208 տուն:
Վնասը գնահատվում է 55 մլն եվրո: Իշխանությունները մոտ ժամանակներս կսկսեն փոխհատուցում վճարել նրանց, ում գույքն այրվել է:
Հրդեհները շարունակում են մոլեգնել Պորտուգալիայի մայրցամաքային մասում: Ներկայում գրանցված է հրդեհի 88 օջախ, այդ թվում` 6-ը` խոշոր, առավել բարդ իրավիճակ է Ավեյրո և Վիլա Ռեալ շրջաններում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մոտ 6 հազար մարդ, այդ թվում` կամավորներ:
Պորտուգալիային հրդեհները մարելու համար երկկենցաղ-ինքնաթիռներ են տրամադրել Իսպանիան, Իտալիան, Մարոկկոն: