Բաժիններ՝

«Ապրիլյան պատերազմի նահատակները հավերժ ապրելու գնով պահպանեցին մեր հաղթանակները». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ

«Սիրելի երիտասարդներ,
շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Վաղը ձե´ր սերունդն է իր գիտելիքները և ունակություններն ի սպաս դնելու Հայաստանի ու Արցախի հետագա հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանը, իսկ կամքն ու ոգին` Հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Շնորհավորանքս ուղղում եմ նաև մեր ավագների´ն, ովքեր այսօր հիշելու են իրենց կյանքի այդ պայծառ շրջանը, և իմաստուն փորձառությամբ լեցուն խորհուրդներով ուղղորդելու են ձեզ: Միշտ հիշե´նք, որ ժամանակին, երբ նրանք երիտասարդ էին, Հայոց մեծ եղեռնից հետո կառուցեցին Նոր` Խորհրդային Հայաստանը:

Եվ չմոռանա´նք, որ հաջորդ սերունդներն էլ իրենց եռանդն, ավյունն ու նաև երիտասարդ կյանքերն ի սպաս դրեցին Հայոց զույգ պետությունների անկախության կերտման ու պաշտպանության սուրբ գործին` ապահովելով ո´չ միայն հայրենաբնակ հայ ժողովրդի անվտանգությունը, այլև հատկապես Մերձավոր Արևելքը ճարակած հրդեհներից փրկված արևմտահայ գաղթականության սերունդների` Մայր Հայրենիքում վերընձյուղվելը:

Ու դիմում եմ նաև նրանց, ովքեր զորացրվելով Հայկական բանակից` կհամոզվեն, որ Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարտական հենակետերում ո´չ թե հրաժեշտ տվեցին պատանեկությանը, այլ մտնելով կյանքի մի նոր շրջափուլ` սկսեցին ավելի վստահ կերպով քայլել իրենց երազներն իրականություն դարձնելու ճանապարհներով:

Մեր բոլոր նվաճումների կենդանի վկաներն Արցախյան ազատամարտի ու դրան հաջորդած շուրջ երկուսուկես տասնամյակների պայքարի մարտիկներն են: Իսկ այսօր Ապրիլյան պատերազմի նահատակները` այն մերօրյա երիտասարդ հերոսներն են, ովքեր չդավաճանելով իրենց նպատակներին, հավե´րժ ապրելու գնով պահպանեցին մեր հաղթանակները: Ու մենք պիտի արժանին հատուցենք նրանց և գիտության, տնտեսության, մշակույթի ու մյուս բոլոր ասպարեզներում նոր ու հզոր լիցք հաղորդենք մեր հին ու նոր, բայց միա´կ Հայրենիքի հզորացմանը:

Բարին ընդ ձեզ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի վաղվա օրը կերտող սիրելի երիտասարդներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս